Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն համաքաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ է արել կորոնավիրուսը սրտին մոտ չընդունել: «Ես ցավում եմ զոհերի համար, իսկապես ցավում եմ, բայց մենք բոլորս մի օր կմահանանք, եւ իմաստ չունի խուսափել այս իրողությունից: Մենք պետք է դադարենք դեգեներատների երկիր լինել»,- ասել է նա՝ ելույթ ունենալով երկրի մայրաքաղաք Բրազիլիայում կայացած միջոցառմանը, հաղորդում է« Ինտերֆաքսը»:

Բոլսոնարուն հայտնի է որպես կորանավիրուսի համաճարակի հետ կապված ամեն ինչի կոշտ քննադատ, չնայած այն հանգամանքին, որ ինքը նույնպես ունեցել է դա: Բրազիլիայի նախագահը բազմիցս COVID-19-ն անվանել է «սովորական գրիպ» եւ հորդորել է դրան չափազանց մեծ ուշադրություն չդարձնել:

Համաձայն Worldmeter կայքի, որը վիճակագրություն է վարում աշխարհում COVID-19-ի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, Բրազիլիայում համաճարակի սկզբից հայտնաբերվել է ավելի քան 5,7 միլիոն վարակված, մահացել է ավելի քան 160 հազար հիվանդ, բուժվել է ավելի քան 5 միլիոն մարդ: COVID-19-ի գրանցված դեպքերի քանակով Բրազիլիան աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից եւ Հնդկաստանից հետո: