Ջո Բայդենը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարի անունը, հայտնում է Reuters-ը։

Նա 59-ամյա Ռոն Քլեյնն է, որը Բարաք Օբամայի վարչակազմում եղել է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ղեկավարը։

Քլեյնի նշանակումն անսպասելի չէ։

Քլեյնը նաեւ հայտնի է որպես կորոնավիրուսի դեմ պայքարում Դոնալդ Թրամփի քաղաքականության ամենամոլի քննադատներից մեկը։ Սպիտակ տան աշխատակազմի ապագա ղեկավարը 2014 թվականին Էբոլա տենդի բռնկման շրջանում բարձր պաշտոն է զբաղեցրել հանրային առողջապահության ոլորտում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ մի շարք նահանգներում հայցեր է ներկայացրել՝ փորձելով վիճարկել երկրում նախագահական ընտրությունների արդյունքները։

Սակայն ամբողջ անցած շաբաթվա ընթացքում Ջո Բայդենը գրեթե ուշադրություն չի դարձրել ընտրությունների կեղծման վերաբերյալ Թրամփի բազմաթիվ հայտարարություններին։

ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին։

Անցած շաբաթ Բայդենը հաղթել է՝ անցնելով ընտրիչների ձայների 270 նիշը, որոնք կոլեգիայում անհրաժեշտ են ըստ ընտրություններում հաղթող նախագահին որոշող նահանգների։ Բայդենը հաղթել է նաեւ համազգային ժողովրդական քվեարկությամբ։ Ընդ որում՝ մի քանի նահանգներում ձայները դեռեւս հաշվարկվում են։