Անկարայում քննադատել են Թուրքիա Մայք Պոմպեոյի այցի նպատակները, հայտնում է Ahval-ը։
Երեքշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կուղեւորվի Թուրքիա կրոնական խնդիրներ քննարկելու։
«Պետքարտուղար Պոմպեոն կուղեւորվի Ստամբուլ՝ հանդիպելու Կոստանդնուպոլսի Նորին սրբություն պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ՝ քննարկելու համար Թուրքիայում ու տարածաշրջանում կրոնական խնդիրները եւ առաջ մղելու ամբողջ աշխարհում կորնական ազատության մեր հաստատուն դիրքորոշումը»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը քննադատել է այցի վերաբերյալ հայտարարությունը։
«Ավելի լավ է Միացյալ Նահանգները նախ հայելուն նայի եւ անհրաժեշտ կարեկցանք դրսեւորի մարդու իրավունքների այնպիսի խախտումների հանդեպ, ինչպիսին են ռասիզմը, իսլամի հանդեպ թշնամանքը եւ սեփական երկրում ատելության հիմքով հանցագործությունները»,- հայտարարել է Աքսոյը։
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայում «ոչ մուսուլմաններն» ունեն լիակատար կրոնական ազատություն, որը աշխարհի մյուս հատվածներում մուսուլմանները չունեն»։
«Տարբեր դավանանքների պատկանող մեր քաղաքացիների հավատքի ազատությունը պաշտպանված է։ Ուստի այս կապակցությամբ մեր երկիր այցելության ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ օգտագործած սահմանումները չափազանց ոչ տեղին են»,- ամփոփել է նա։





























