ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ամերիկացիներին արգելվում է ներդրումներ կատարել այն ընկերություններում, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների պնդումների, պատկանում կամ վերահսկվում են չինական ընկերությունների կողմից, հաղորդում է AP-ն:

Այս քայլը կարող է մեծացնել ճնշումը չինական ընկերությունների, այդ թվում` հեռահաղորդակցման սարքավորումների արտադրության հսկա Huawei-ի եւ տեսահսկման ծառայություններ մատուցող Hikvision-ի վրա, որոնք արդեն ԱՄՆ արտահանման արգելքների եւ այլ պատժամիջոցների են բախվում:

Տնտեսագետներն ու քաղաքական վերլուծաբանները հայտարարել են, որ Թրամփը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Պեկինի դեմ հունվարի 20-ին պաշտոնը թողնելուց առաջ:

Քաղաքական վերլուծաբանները Բայդենի օրոք քաղաքականության աննշան փոփոխություններ են ակնկալում` Չինաստանում առեւտրից եւ մարդու իրավունքներից համատարած դժգոհության, ինչպես նաեւ լրտեսության եւ տեխնոլոգիաների գողության մեջ մեղադրանքների պատճառով:

Ավելի վաղ Պենտագոնը որոշում էր կայացրել, որ 31 ընկերություն պատկանում կամ վերահսկվում է չին զինվորականների կողմից: Դրանցից շատերը ռազմական կապալառուներ կամ պետական ​​ընկերություններ են, ինչպիսիք են China Telecom Ltd.-ն: Սակայն ցուցակում ներառված է նաեւ Huawei Technologies Ltd.-ն եւ Hikvision Digital Technology Co.-ն, որոնք հայտարարում են, որ իրենք մասնավոր են եւ հերքում են, որ վերահսկվում են զինվորականների կողմից: