Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Սադիր Ժապարովը դեռ հրաժարական չի տվել, ասել է նրա մամուլի քարտուղար Գալինա Բայտերեքը, փոխանցում է «Sputnik-Ղրղզստան»-ը:
Ավելի վաղ Ժապարովը խոստացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման դիմումը եւ վայր դնել իր լիազորությունները նոյեմբերի 14-ին: Այսօր Ժապարովը փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ, սակայն Բայտերեքը նշել է, որ նա դեռ վայր չի դրել իր լիազորությունները:
«Սադիր Ժապարովը երեկոյան ուղերձով հանդես կգա, ինչից հետո կհամարվի, որ նա վայր է դրել իր լիազորությունները»,- ասել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցության հայտը պետք է ներկայացվի մինչեւ նոյեմբերի 15-ը:





























