ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ստամբուլ կատարելիք այցի ընթացքում չի հանդիպելու ոչ մի թուրք պաշտոնյայի հետ, լրագրողների հետ զրույցում հաստատել են ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները, գրում է Ahval- ը: Ուղեւորության ընթացքում Պոմպեոն կայցելի յոթ երկիր` Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, ԱՄԷ, Քաթար եւ Սաուդյան Արաբիա:
Պետքարտուղարը պաշտոնական հանդիպումներ կանցկացնի բոլոր վեց երկրներում, սակայն Թուրքիայում պաշտոնական հանդիպում չի սպասվում:
Փոխարենը Պոմպեոն կհանդիպի Նորին Սրբություն Պոլսո Բարդուղիմեոս Ա Պատրիարքին: Բացի այդ, Թուրքիայում Պոմպեոն կհանդիպի Թուրքիայում առաքելական նունցիա, արքեպիսկոպոս Պոլ Ռասելի հետ, կայցելի Ռուստեմ փաշայի մզկիթը, ինչպես նաեւ` ԱՄՆ դիվանագիտական առաքելություն:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչների խոսքերով` պետքարտուղարը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում կենտրոնանալու է կրոնական հարցերի քննարկման վրա` ընդգծելով մարդու` կրոնի ազատության անքակտելի իրավունքը եւ կրոնական հետապնդումների դեմ պայքարը:
Պետդեպարտամենտում նշել են նաեւ, որ պետքարտուղարը Ստամբուլում շատ խիտ գրաֆիկ կունենա` հավելելով, որ «ԱՄՆ-ն կարծում է, որ Թուրքիայի ներկայացուցիչներն ուղեւորության իրենց ժամանակացույցն ունեն»:




























