ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակել է երկրում նախագահական ընտրությունների արդյունքները մերժելու իր արշավը՝ հայտարարելով G20 երկրների առաջնորդներին, որ անհամբեր սպասում է նրանց հետ երկարատեւ համատեղ աշխատանքին, գրում է The Guardian-ը:
«Մեծ Քսանի գագաթնաժողովը, որն այս տարի անցկացվել է հեռավար ձեւաչափով, կարող էր լինել լավ առիթ Թրամփի համար հրաժեշտ տալ եւ խոստանալ ամերիկյան աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարում»,-նշում է պարբերականը:
Սակայն դրա փոխարեն նախագահը հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Մեծ պատիվ էր աշխատել ձեզ հետ, եւ ես անհամբեր սպասում եմ կրկին ձեզ հետ երկարաժամկետ աշխատանքին»:
Այնուհետեւ ԱՄՆ նախագահը հայտարարել է երկրում տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում հաջողությունների մասին, որից հետո՝ Նուբար Աֆեյանի Moderna եւ Pfizer ընկերությունների ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերումների մասին:
Նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցներից եւ ոչ մեկը չի հիշատակել ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի մասին:
Ողջույնի խոսքից հետո G20-ի առաջնորդներն անցկացրել են նիստ համավարակին արձագանքելու պատրաստականության հարցերի շուրջ: Մինչդեռ այդ ժամանակ Թրամփը մեկներ էր գոլֆի իր դաշտ Վիրջինիայում, եւ որեւէ ամերիկյան պաշտոնյա ելույթ չի ունեցել այդ հարցի շուրջ:





























