Շաբաթ հազարավոր մարդիկ կազմակերպել են խոշոր բողոքի ակցիա Գվատեմալայի նախագահ Ալեհանդրո Ջամաթեի դեմ: Ընդ որում՝ որոշ ցուցարարներ հրկիզել են Կոնգրեսի շենքը՝ այդկերպ իրենց վրդովմունքը հայտնել 2021 թվականի բյուջեի նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ ցուցարարների ձեռքում եղել են դրոշներ եւ նրանք վանկարկել են. «Ջամաթեի, հրաժարական տուր», ինչպես նաեւ կոչ են արել երկրի նախագահին վետո սահմանել բյուջեի վրա, որը չորեքշաբթի հաստատել էր երկրի խորհրդարանը:

12.9 մլրդ դոլար բյուջեի պարագայում մեծացել է պետական պարտքը, միեւնույն ժամանակ կրճատվել է ֆինանսավորումն առողջապահության, կրթության, մարդու իրավունքների եւ արդարադատության համակարգի ոլորտներում, ինչը զայրացրել է մարդկանց առանց այն էլ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով տնտեսական ճգնաժամով նշանավորված տարվա ընթացքում:

Ցուցարարների մեծ մասը խաղաղ բողոքի ակցիա է կազմակերպել, սակայն մի քանիսը կոտրել են Կոնգրեսի շենքի պատուհանները եւ հրդեհ կազմակերպել շենքի ներսում:

Սան Խուան դե Դիոս հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց դիմել է վիրավորված եւ արցունքաբեր գազից թունավորված 14 մարդ, որոնք տուժել են ոստիկանության հետ բախումների հետեւանքով:

Ձերբակալվել է 22 մարդ: