Հեռահաղորդակցության ոլորտում ամենակարեւորը լայնաշերտ հեռարձակման զարգացումն է, քանի որ այն թույլ է տալիս իրականացնել բազմաթիվ գործառույթներ: Այսօր` հունիսի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) զարգացման բյուրոյի տնօրեն Սանու Բրահիման: Նա Երեւանում է գտնվում Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) Կապի վարչակազմերի ղեկավարների 44-րդ նիստին մասնակցելու առիթով:

Ս. Բրախիմայի խոսքով` էլեկտրոնային կապը աշխատատեղեր ստեղծելու եւ մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցներից է: Պատահական չէ, որ աշխարհի ամենահարուստ 2 մարդիկ հենց այս ոլորտից են` Բիլ Գեյթսը եւ Կառլոս Սլիմը:

NEWS.am-ի այն հարցին, թե ԱՊՀ երկրներում ինչ մակարդակի վրա է լայնաշերտ հեռարձակումը, Ս. Բրախիման ասաց, որ լայնաշերտի կիրառումը ԱՊՀ-ում ամենածավալուններից մեկն է: «2008-ի եւ 2010-ի միջեւ աճը կազմել է 290 տոկոս` պարզապես ֆանտաստիկա է»,- բացականչեց ՀՄՄ ներկայացուցիչը: