Իրկուտսկի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Իրկուտսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները սկսվել են տեղական ժամանակով 5:44-ին: Իրկուտսկում երկրաշարժը զգացվել է 5-6 բալով, նշել են մամուլի ծառայությունում:
«Երկրաշարժ` էպիկենտրոնով հարեւան տարածաշրջանի` Բուրյաթիայի հանրապետության Կաբանսկի շրջանում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը 7.6 բալ է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Իրկուտսկում երկրաշարժից տուժել է 18 դպրոց եւ մի շարք սոցիալական հաստատություններ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«18 դպրոցներում փոքր ճաքեր են գրանցվել, սվաղը քանդվել է: Ճաքեր են հայտնաբերվել նաեւ մի քանի նախադպրոցական հաստատություններում»,- պատմել է սոցիալական քաղաքականության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Վիտալի Բարիշնիկովը: Նա հավելել է, որ հասցված վնասը սպառնալիք չի ներկայացնում:
Վնասվել են նաեւ մի շարք մարզական հաստատություններ: Բացի այդ, երկրաշարժի արդյունքում վնասվել է «Ռոսիա» մշակութային եւ ժամանցի կենտրոնը, որտեղ մասամբ վնասվել է միջոցառումների սրահի առաստաղը:





























