Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության տասնյակ աշխատակիցների «այֆոնները» կոտրվել են իսրայելական NSO Group-ի կողմից մշակված տեխնոլոգիաների միջոցով, ասվում է Տորոնտոյի համալսարանի Citizen Lab կենտրոնի նոր զեկույցում:

Կիբեռհարձակման հետեւում կարող են կանգնած լինել Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները,  «վստահության միջին աստիճանով» ասում են կանադացի հետազոտողները: Այս երկրները հակասության մեջ են Կատարի հետ եւ պաշտպանում են էմիրության առեւտրային բլոկադան, ընդ որում, Դոհային ուղղված նրանց հիմնական պահանջներից մեկն «Ալ-Ջազիրա»-յի փակումն է, փոխանցում է BBC-ն:

NSO Group-ում հերքում են իրենց դեմ առաջադրած մեղադրանքները եւ ասում, որ ահաբեկչության եւ հանցավորության դեմ պայքարի համար են լրտեսական ծրագրեր վաճառում պետություններին:

Արեւմտյան լրատվամիջոցներն արդեն կապել են NSO Group-ի արտադրանքը Ռիադի եւ Աբու Դաբիի հակառակորդների լրտեսման հետ, այդ թվում` 2018-ին դաժանորեն սպանված Ջամալ Խաշոգջիի:

Citizen Lab-ում կարծում են, որ առնվազն 36 մարդ` հեռուստահաղորդավարներից մինչեւ «Ալ-Ջազիրա»-ի մենեջմենթը, Pegasus լրտեսական ծրագրերի ազդեցության զոհ են դարձել, որն օգտագործում էր iPhone-ի  (iOS 13.5.1) ծրագրային ապահովման խոցելիությունները:

NSO Group-ում հերքում են իրեն դեմ առաջադրված մեղադրանքը եւ ասում, որ իրենց ներգրավվածության վերաբերյալ որեւէ ապացույց չկա:
Նրանք կարծում են, որ հաքերները կարող էին մուտք ունենալ խոսափող, գաղտնագրված զանգեր, գեոլոկացիա, գաղտնաբառեր եւ հեռախոսի տեսախցիկ` առանց դրանում հետքեր թողնելու:

Ծրագրային ապահովման նոր տարբերակում` iOS 14-ում, խոցելիությունը վերացվել էր, գրում են Citizen Lab-ի հետազոտողները եւ կոչ են անում Apple սմարթֆոնների բոլոր տերերին թարմացնել ծրագրային ապահովումը:

Այս ամառ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության դոկումենտալիստ եւ ռեժիսոր, լրագրող Թամեր Ալմիսշալը դիմել էր Citizen Lab-ին. նա կասկածում էր, որ իր հեռախոսը կոտրել են, եւ հետազոտողներին իր հեռախոս մուտք գործելու թույլտվություն էր տվել: Փորձագետները հեռախոսում ֆայլեր էին հայտնաբերել NSO Group-ի կողմից մշակված Pegasus  լրտեսական ծրագրերի տեղադրման համար:

Սակայն իսրայելական ընկերությունում ասում են, որ զեկույցը հիմնված է շահարկումների վրա եւ ապացույցներ չի պարունակում: NSO Group-ի ներկայացուցիչները հավելում են, որ կառավարությունները գնում են իրենց ծրագրերը հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի համար: Apple-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ զեկույցում նկարագրված հարձակումը պետական ​​մարմինների կողմից օգտագործվել է կոնկրետ անձանց դեմ, եւ iOS 14-ը մեծ քայլ էր նման հարձակումներից պաշտպանության գործում:

Հետազոտողները պնդում են, որ NSO խումբն աշխատում է մի քանի մայրցամաքների մի շարք պետությունների կառավարությունների հետ: Դրա կողմից մշակված վտանգավոր սոֆթն արդեն կապվել էր դիսիդենտների եւ իրավապաշտպանների հեռախոսների միջոցով WhatsApp եւ Viber մեսենջերներները կոտրելու հետ, իսկ հաճախորդների շրջանում, Մերձավոր Արեւելքի երկրներից բացի, նշել են Մեքսիկայի եւ Պանամայի կառավարությունները:

Անցյալ տարի WhatsApp-ը դատական ​​հայց էր ներկայացրել NSO Group-ի դեմ` մեղադրելով 1400 օգտագործողների հեռախոսները կոտրելուն մասնակցության մեջ:

Մեկնաբանելով դատավարությունը` Իսրայելի կառավարությունում NSO Group-ը մասնավոր ընկերություն են անվանել, որը ոչ մի կապ չունի երկրի իշխանությունների հետ: