ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու նպատակով, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին և իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Դիվանագիտական ջանքերը գործադրվում են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու՝ Թրամփի սպառնալիքներիհետնապատկերին։ Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին։

Պարբերականի տվյալներով՝ Վենսը փորձում է պարզել՝ արդյոք կհաջողվի՞ գտնել շփման եզրեր, որոնք հնարավորություն կտան Թրամփին համոզել հրաժարվելու նոր ռազմական հարձակումից։ Առայժմ խոսքը ոչ թե պատրաստի խաղաղության համաձայնագրի, այլ ապագա բանակցությունների հնարավոր շրջանակի մասին է։

Վաշինգտոնը ձգտում է Իրանից զիջումներ կորզել միջուկային ծրագրի հարցում։ Թեհրանն իր հերթին ձգտում է տնտեսական մեղմացումներ ստանալ, դրանց թվում՝ հասնել պատժամիջոցների մեղմացմանը և իրանական սառեցված միջոցների հարցի լուծմանը։ Այդ տարաձայնությունները շարունակում են մնալ պայմանավորվածությունների ձեռքբերման հիմնական խոչընդոտներից մեկը։

Որպես նամակի հասցեատեր Ռեզայիի ընտրությունն ուշագրավ է Իրանի քաղաքական համակարգում նրա զբաղեցրած դիրքի առումով։ Նա ղեկավարում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը և նախկինում երկար տարիներ եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։ Իրանի ղեկավարության կոշտ գծի ազդեցիկ ներկայացուցչին դիմելը արտացոլում է ամերիկացի պաշտոնյաների այն հաշվարկը, որ նման գործիչների հետ ուղիղ շփումը կարող է օգնել դիվանագիտական արդյունքի հասնել։

Մերձավոր Արևելքի երկրների միջնորդները ևս փորձում են կանխել նոր սրացումը։ Axios-ի տվյալներով՝ Կատարի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի մասնակցությամբ դիվանագիտական ջանքերն ուղղված են Իրանի միջուկային ծրագրի, պատժամիջոցների և սառեցված ակտիվների հարցերում փոխզիջում գտնելուն։ Քննարկվող տարբերակներից է Իրանի միջուկային օբյեկտներում միջազգային տեսչական ստուգումների վերսկսումը՝ սահմանափակ տնտեսական մեղմացումների դիմաց։

Միաժամանակ դիվանագիտական շփումներն ընթանում են ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստությունների հետնապատկերին։ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է ավարտել հակամարտությունը կա՛մ համաձայնագրի միջոցով, կա՛մ այլ եղանակով։ Այսպիսով, առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բանակցային գործընթացը վերականգնելու փորձերի համար՝ նախքան ռազմական սրացումը կրկին կդառնա իրադարձությունների զարգացման հիմնական սցենարը։