Տեսագրությունը, որում վագրերը ժամանակ են անցկացնում ամբողջ ընտանիքով, կարող է կասկածի տակ դնել այդ գիշատիչների կենսակերպի մասին ավանդական պատկերացումները, գրում է Live Science-ը։
Նախկինում համարվում էր, որ էգերը մոտ երկու տարի ինքնուրույն են մեծացնում ձագերին՝ առանց արուների օգնության։
«Վագրերի կղզին» (Tiger Island) ֆիլմի ստեղծմանը մասնակցած կենսաբան և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Դեն Օ’Նիլի պատմելով՝ այս կադրերն առաջին անգամ թույլ են տվել փաստագրել, թե ինչպես է վագրերի ընտանիքը միասին ժամանակ անցկացնում։ Դրանք ցույց են տալիս, թե վագրերի վարքը որքան ավելի բարդ կարող է լինել, քան ընդունված է համարել։
«Սա պարզապես ցույց է տալիս, որ մենք իրականում նրանց մասին ոչինչ չգիտենք։ Նրանք շատ ավելի բարդ են, քան մարդիկ պատկերացնում են»,- ասել է Օ’Նիլը Live Science-ին։
Նա ասում է, որ մարդիկ հակված են կառչելու վայրի կենդանիների կենսակերպի մասին անփոփոխ պատկերացումներից, մինչդեռ բնությունը բազմազան է և մշտապես փոփոխվում է։ Վագրերը, ինչպես ընդգծել է հետազոտողը, բացառություն չեն։
Արտասովոր տեսարանները նկարահանելու համար նկարահանող խումբն օգտագործել է օպտիկական խոշորացմամբ հզոր օբյեկտիվներով և սակավաղմուկ պտուտակներով դրոններ։ Դա հնարավորություն է տվել կենդանիներին դիտարկել դժվարամատչելի վայրերում՝ առանց խոշոր գիշատիչներին անհանգստացնելու։
Սովորական ֆոտոթակարդները, որպես կանոն, կենդանիներին արձանագրում են արահետների վրա՝ նրանց առօրյա կյանքի զգալի մասը թողնելով դիտարկումից դուրս։ Իսկ դրոնները հետազոտողներին հնարավորություն են տվել տեսնելու վագրերի վարքն ավելի բնական պայմաններում։
Օ’Նիլը նշել է, որ դրոնների պտուտակներն ավելի անաղմուկ են եղել, քան նկարահանման տարածքի տեղական մեղուները։ Դրա շնորհիվ թիմը կարողացել է հետևել կենդանիներին՝ գործնականում չմիջամտելով նրանց կյանքին։
Օ’Նիլի կարծիքով՝ վագրերի պահպանության համար բավարար չէ միայն ուսումնասիրել նրանց վարքն ու պաշտպանել բնական կենսամիջավայրը։ Անհրաժեշտ է նաև օգնել այն մարդկանց, որոնք կրում են այս բարձրագույն գիշատիչների հետ հարևանության բեռը։





























