Երկուշաբթի Ֆրանսիայում բրիտանացի նախկին զինվորը եւ եւս 12 մարդ կանգնել են դատարանի առաջ 80-ամյա միլիոնատեր կնոջն առեւանգելու համար, գրում է The Guardian-ը:
80-ամյա Ժակլին Վեյրաքին, որին է պատկանում Կաննում 5-աստղանի հյուրանոց, առեւանգել են հենց փողոցից՝ նրա տան հարեւանությամբ, 2016 թվականի հոկտեմբերին:
Կնոջը հայտնաբերել են երկու օր անց՝ կապկապված Renault Kangoo ավտոմեքենայի սրահում:
Դրանից երեք տարի առաջ Վեյրաքը, որին նաեւ պատկանում է Նիսում La Reserve ռեստորանը, դարձել էր եւս մեկ առեւանգման տուժող:
Առեւանգման հիմնական կասկածյալը La Reserve ռեստորանի նախկին մենեջեր Ջուզեպե Սերենան էր: Դատախազները համարում են, որ Սերենան ցանկացել է վրեժ լուծել Վեյրաքից, որ նա լուծարել է մենեջերի հետ աշխատանքային պայմանագիրը դեռեւս 2009 թվականին:
67-ամյա Սերենան մեղադրվում է շորթման նպատակով առեւանգումը կազմակերպելու եւ դրան մասնակցելու մեջ հետագայում սեփական ռեստորանը բացելու նպատակով:
Մեղադրվում է նաեւ 52-ամյա բրիտանացի նախկին զինվոր Ֆիլիպ Դաթոնը:
Նշվում է, որ Դաթոնը մտադիր էր պահանջել Վեյրաքի ընտանիքից 5 մլն եվրոյի չափով փրկագին:




























