Կոնգրեսում վերսկսվել է օրենսդիրների համատեղ նիստը, որի ընթացքում Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները պետք է հաստատեն Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները, որը սատարել է Ջո Բայդենի հաղթանակը անցած տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»ն:
Չորեքշաբթի ցերեկը կոնգրեսականները ստիպված էին ընդհատել նիստը, երբ Դոնալդ Թրամփի հարյուրավոր կողմնակիցներ ներխուժել են Կապիտոլիում՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները, որոնց հետեւանքով գործող նախագահը պարտություն է կրել՝ զիջելով իր դեմոկրատ ընդդիմադրին:
Ոստիկանությունը տարհանել է օրենսդիրներին եւ ավելի քան երեք ժամ դուրս հանել Թրամփի կողմնակիցներին, որոնք ներխուժել էին Կոնգրեսի նիստերի դահլիճներ եւ անկարգություններ կազմակերպել Կոպիտոլիումի պատերի ներքո:
Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ՝ հրաձգության եւ ստացված վնասվածքի հետեւանքով կին է զոհվել, որը, երթադրաբար, Թրամփին աջակցող քայլերթի մասնակից է: Հետաքննությունների դաշնային բյուրոն հաղորդել է, որ իր գործակալները նաեւ վնասազերծել են երկու կասկածելի առարկա:
Ոստիկաններին հաջողվել է վերականգնել Կապիտոլիումի կարգը շուրջ 17:30-ին ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով: Օրենսդիրները կրկին հավաքվել են 20:00-ին նիստը շարունակելու համար:
«Նրանք, ովքեր այսօր քաոսի են վերածել Կապիտոլիումը, պարտվել են,-հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը՝ ընդհատված նիստի բացումն անելով:-Եկեք վերադառնանք աշխատանքի»: Փոխնախագահի ելույթն առաջացրել է բուռն ծափահարություններ օրենսդիրների շրջանում:
«Մենք կորոշենք 2020 թվականի ընտրությունների հաղթողին»,-հավելել է Սենատում հանրապետակաների առաջնորդ Միչ Մաքոնելոը՝ Թրամփի կողմնակիցների կազմակերպած անկարգություններն անվանելով «անհաջող ապստամբություն»:
Նիստի ընթացքում օրենսդիրները պետք է քննարկեն Թրամփին աջակցող որոշ կոնգրեսականների՝ մի քանի նահանգներում ընտրությունների արդյունքները բողոքարկելու փորձը: Ընդ որում՝ դիտորդների կարծիքով՝ այդ փորձը հազիվ թե հաջողությամբ պսակվի:




























