Սահմանների ժառանգականության սկզբունքը, որը, Ադրբեջանի կարծիքով, պետք է պարտադրվի Հայաստանին, չի կարող գործել առանց գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտների փոխադարձ համաձայնության: Այս մասին հունվարի 7-ին «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» թեմայով կայացած համաժողովին ասաց փաստաբան Լեւոն Գեւորգյանը:
Նրա խոսքով, ըստ Բաքվի պնդումների, Հայաստանը ճանաչել է խորհրդային սահմանների ժառանգականության սկզբունքը եւ ընդունել է համապատասխան փաստաթղթի ստորագրման շրջանակներում: «Խոսքն ԱՊՀ հիմնադիր համաձայնագրի եւ Ալմա-Աթայի հռչակագրի մասին է: Սակայն մենք տեսնում ենք, որ այս փաստաթղթերում իրականում խոսքը տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների մասին է»,- ասաց փաստաբանը` հավելելով, որ խորհրդային սահմանների շարունակականության պնդումը ոչ մի ընդհանուր բան չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ:
Ինչպես ընդգծեց Գեւորգյանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ գծանշման վերաբերյալ որեւէ միջազգային երկկողմ գործընթաց երբեւէ չի եղել: Դրանից ելնելով պարզվում է, որ «միջազգայնորեն ճանաչված սահման» տերմինն իրականում ոչ այլ ինչ է, քան անօգուտ հայտարարություն, որը որեւէ հիմք չունի:




























