ԱՄԷ-ն hունվարի 9-ից կբացի Կատարի հետ իր ցամաքային, ծովային եւ օդային բոլոր անցակետերը, հաղորդում է WAM պետական լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիան այս շաբաթվա սկզբին կայացած գագաթաժողովում հայտարարել է Պարսից ծոցի արաբական երկրների եւ Կատարի միջեւ բոյկոտը դադարեցնելու մասին: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017-ին խզել էին կապերը Կատարի հետ` մեղադրելով նրան ահաբեկչությանը սատարելու մեջ: Դոհան հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները եւ հայտարարում, որ բոյկոտն ուղղված է իր ինքնիշխանության սահմանափակմանը:

ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը ավելի վաղ հայտնել էր, որ արաբական պետությունները, որոնք բոյկոտում են Կատարին, համաձայնագրի ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կարող են վերսկսել ուղեւորություններն ու առեւտրային կապերը Դոհայի հետ, բայց դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քանի որ կողմերն աշխատում են վստահությունը վերականգնելու ուղղությամբ:

Qatar Airways-ը հայտարարել է, որ իր որոշ ինքնաթիռներ կսկսեն թռչել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով:

Վերականգնված օդային հաղորդակցությունը, ԱՄԷ-ի տարածաշրջանային ավիացիոն հանգույցի հետ, էական նշանակություն կունենան Կատարի կողմից 2022 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության անցկացման համար: