Կապիտոլիումի գրոհի մասնակից QAnon դավադրության տեսության հետեւորդ Ջեյքոբ Էնթոնի Չենսլիին մեղադրանքներ են առաջադրվել խուլիգանության եւ պետական հաստատություն բռնի ներխուժման մեջ, հաղորդում է BBC-ը:

Չենսլին, որը նաեւ հայտնի է որպես QAnon Շաման, հավատում է դավադրության տեսությանը, որի համաձայն՝ աշխարհում գոյություն ունի երեխաների սեռական շահագործման ընդլայնված ցանց, եւ որում, իբր, ներգրավված են Դեմոկրատական կուսակցության առաջնորդներ եւ շատ այլ ամերիկացի հայտնիներ, իսկ Դոնալդ Թրամփը ձգտում է բացահայտել այդ ցանցը:

Մորթե գլխարկով եւ կոտոշներով հենց նրա լուսանկարն է տարածվել ամբողջ աշխարհում Կապիտոլիումի գրոհի ժամանակ: Ինքը՝ Չենսլին, հրաժարվել է մեկնաբանություններից:

Վաշինգտոնի դաշնային դատախազի խոսքով՝ մորթե գլխարկով եւ կոտոշներով, առանց վերնաշապիկի եւ ներկված դեմքով մարդը հենց Ջեյքոբ Էնթոնի Չենսլին է:

Դատախազը նաեւ հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Ֆլորիդայի բնակիչ Ադամ Ջոնսոնին, որը լուսանկարվել է, երբ Ներկայացուցիչների պալատից դուրս են բերել պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամբիոնը:

Ջոնսոնին մեղադրանքներ են ներկայացվել պետական սեփականության գողության եւ շենք բռնի ներթափանցման մեջ:

Մեղադրանք է ներկայացվել նաեւ Արեւմտյան Վիրջինիայից օրենսդիր Դերիք Էվանսին: Ըստ դատախազության՝ նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ինքը Թրամփի աջակիցների հետ կանգնած է Կապիտոլիումի շենքի դիմաց, ապա ներս է մտնում:

Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել տասնյակ անձանց: Նրանց թվում է եղել նաեւ Ալաբամայի բնակիչը, որին ձերբակալել են անկարգությունների վայրից ոչ հեռու եւ որի մոտ այրվող խառնուրդով 11 շիշ են հայտնաբերել: