Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախագահ Դոնալդ Թրամփի էջի մշտական ​​արգելափակումը Twitter-ում «խնդրահարույց» է համարում, հայտարարել է նրա ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է AP-ն:

Twitter-ն ընդմիշտ արգելափակել է Թրամփի էջը` վկայակոչելով «բռնության հետագա հրահրման ռիսկը» Կապիտոլիումի գրոհից հետո հեռացող նախագահի համախոհների կողմից:

Ըստ Զայբերտի` սոցցանցերի օպերատորները «մեծ պատասխանատվություն են կրում, որպեսզի քաղաքական հաղորդակցությունը չթունավորվի ատելությամբ, ստով եւ բռնության կոչերով»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կարծիքի արտահայտման ազատությունը «տարրական կարեւորության» ունեցող հիմնարար իրավունք է: «Այդ հիմնարար իրավունքին կարելի է միջամտել, սակայն` օրենքին համապատասխան եւ օրենսդիրների կողմից սահմանված շրջանակներում, այլ ոչ թե սոցցանցերի հարթակի ղեկավարության որոշմամբ,- ասել է նա լրագրողներին Բեռլինում:- Այս տեսանկյունից կանցլերը խնդրահարույց է համարում այն, որ ԱՄՆ նախագահի էջերն այժմ ընդմիշտ արգելափակված են»:

Facebook-ը հինգշաբթի կասեցրել էր Թրամփի էջերի աշխատանքը մինչեւ հունվարի 20-ը` նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, եւ հնարավոր է` անորոշ ժամանակով:

Մերկելն ինքը էջ չի վարում Twitter-ում` չնայած Զայբերտը եւ Գերմանիայի կառավարության շատ նախարարներ ունեն էջեր:

Չնայած Twitter-ն այլեւս հայտարարություններ չի արել Թրամփի արգելափակումից հետո` այն, կարծես, QAnon դավադրության տեսության հետ կապված բոլոր հաշիվների զանգվածային մաքրում է իրականացնում` արգելափակելով Թրամփի աջակիցներ Մայք Ֆլինին, Սիդնի Փաուելին եւ հազարավոր այլ մարդկանց: