Կոնգրեսի դեմոկրատները նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու իրենց քարոզարշավը սկսում են իմպիչմենթի հոդվածների վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ, որը սպասվում է արդեն հունվարի 13-ին, ինչը կարող է նրան դարձնել ԱՄՆ պատմության մեջ երկու անգամ իմպիչմենթի ենթարկված առաջին նախագահը:

«Կարեւոր է, որ մենք գործենք, եւ կարեւոր է, որ գործենք շատ լրջորեն ու խելամտորեն»,- CNN-ին ասել է կոնգրեսական, Կանոնակարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջիմ Մաքգովերը: «Մենք չորեքշաբթի օրը քվեարկություն ենք ակնկալում: Եւ հուսով եմ` այն կանցնի»:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, նրա շատ դեմոկրատ գործընկերներ եւ որոշ հանրապետականներ կարծում են, որ Թրամփին պետք է հեռացնել մինչ նրա լիազորությունների ավարտը, որը լրանում է հունվարի 20-ին: «Պաշտպանելով մեր Սահմանադրությունը եւ մեր ժողովրդավարությունը, մենք անհապաղ կգործենք, քանի որ այս նախագահը անմիջական սպառնալիք է երկուսի համար էլ»,- կիրակի օրը իր դեմոկրատ գործընկերներին գրել է Փելոսին:

Ներկայացուցիչների պալատը կհավաքվի երկուշաբթի օրը, ժամը 11:00-ին՝ քննարկելու բանաձեւը, որը փոխնախագահ Մայք Փենսին կոչ է անում կիրառել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, որը թույլ է տալիս փոխնախագահին եւ նախարարների կաբինետին հեռացնել նախագահին, եթե նա պաշտոնի համար պիտանի չէ: Քվեարկությունը սպասվում է երեքշաբթի օրը:

Մաքգովերը նշել է, որ հանրապետականները կառարկեն 25-րդ փոփոխությունը կիրառելու պահանջին: Ուստի 24 ժամվա ընթացքում հանձնաժողովը կներկայացնի մեկ այլ բանաձեւ՝ իմպիչմենթի խնդրի վերաբերյալ: «Այն, ինչ արեց այս նախագահը, անամոթություն է, եւ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Մաքգովերը:

Փենսը ընտանիքի հետ Կապիտոլիումում է եղել, երբ Թրամփի կողմնակիցները հարձակվել են, եւ այժմ նա ու Թրամփը միմյանց հետ չեն խոսում: Սակայն հանրապետականները առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել 25-րդ փոփոխությունը կիրառելու հարցում: Փենսի գրասենյակը չի պատասխանել այս մասին հարցերին: Անցյալ շաբաթ մի աղբյուր ասել էր, որ նա դեմ է այդ գաղափարին:

Փելոսին ասել է, որ եթե Փենսը միջոցներ չձեռնարկի, Ներկայացուցիչների պալատը կարող է կողմ քվեարկել Թրամփի իմպիչմենթին՝ խռովության միակ մեղադրանքով: