Մոսկվան եւս շահագրգռված է Մեղրիի միջով միջանցքի առկայությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, օնլայն քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Փորձագետը նկատեց, որ Մոսկվայում հանդիպման նախաձեռնողը անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, եւ նա շահագրգռված էր հաղորդակցության ապաարգելափակմամբ այնպես, ինչպես Ալիեւը: «Իսկ ահա Նիկոլ Փաշինյանը որեւէ լուրջ հնարավորություն չուներ դիմադրելու կամ էլ ինչ-որ բանի հասնելու՝ ի տարբերություն Ադրբեջանի: Ընդհանուր առմամբ, խնդիր էր դրված գործարկելու գործընթացը՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հետեւանք»,-հավելեց նա:

Նա պարզաբանեց, որ դա չի նշանակում, որ շուտով այդ միջանցքով գնացքներ եւ ավտոմեքենաներ կանցնեն, այդ պատճառով պետք է աշխատել խնդիրների լուծման ուղղությամբ: «Այդպիսին է բանակցությունների այբուբենը: Միեւնույն ժամանակ, պետք է ակտիվ եւ որակավորված աշխատանքներ տանել բոլոր ուղղություններով՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Դեռ շատ հարցեր լուծված չեն: Եթե ապաարգելափակվեն ճանապարհները, ապա ինչպե՞ս է կազմակերպվելու երթեւեկությունը Քարվաճառից Մարտակերտ, Գյանջայից Դերբենտ եւ այլն: Ո՞վ է ապահովելու անվտանգությունը»,-եզրափակեց քաղաքագետը:      

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ստորագրվել փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Սակայն ՀՀ իշխանությունների նշած առաջնահերթ հարցը՝ գերիների վերադարձը, որեւէ լուծում չի ստացել: