ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից անհրաժեշտ է անցնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանցիների զանգվածային պատվաստմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խնդրում եմ նախապատրևաստել համապատասխան ենթակառուցվածքը, փառք Աստծո, մեր պատվաստանյութը չի պահանջում փոխադրման ինչ-որ արտասովոր պայմաններ, ինչպես մինուս 50, մինուս 70 աստիճան, մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի պարզ ու արդյունավետ է աշխատում: Անհրաժեշտ է համապատասխան ժամանակացույցն այնպես կազմել, ինչպես մեզ մոտ կատարվում է մյուս հիվանդությունների դեպքում, օրինակ՝ գրիպի»,- ասել է պետության ղեկավարը:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ քաղաքացիական պատվաստումը մեկնարկել է դեկտեմբերի սկզբին: Հիմա կարելի է պատվաստվել «Սպուտնիկ V» դեղամիջոցով, որը մարդու ադենովիրուսի վեկտորի լավ ուսումնասիրված պլատֆորմի հիման վրա ստեղծել է Գամալեի անվան կենտրոնը՝ Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդի հետ համատեղ: Մոտ ժամանակում հասանելի կլինի նաեւ «Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնի մշակած «ԷպիՎակԿորոնան»:

Պատվաստվել կարող են 18 տարեկանից սկսած մարդիկ, եթե հակացուցումների ցանկից քրոնիկական հիվանդություններ չունեն, ինչպես նաեւ եթե վերջին 30 օրը ՍՇՎ-ով չեն հիվանդացել: Հղիներին եւ կրծքով կերակրող մայրերին պատվաստումը հակացուցված է:

Առաջին հերթին սկսել են պատվաստել հիմնական ռիսկի խմբերի քաղաքացիներին, այնուհետեւ նրանց հավելվել են բժշկական դաշնային կենտրոնների, մշակույթի հաստատությունների, առեւտրի ձեռնարկությունների եւ ծառայությունների, տրանսպորտի եւ էներգետիկայի, արդյունաբերության ոլորտների եւ լրատվամիջոցների աշխատակիցները, շինարարական համալիրի աշխատողները, կամավորները, ուսանողները, բանկային եւ ֆինանսական հատվածի, իշխանության մարմինների եւ բյուջետային հաստատությունների աշխատակիցները: