ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կփորձի կանգնեցնել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցումը: Այս մասին Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Ընտրված նախագահը լիովին համաձայն է ձեր հետ, որ այդ նախագիծը վատ գաղափար է»,-ասել է Բլինքենը՝ հավելելով, որ Վաշինգտոնը կձգտի համոզել արտասահմանցի գործընկերներին դադարեցնել կառուցումը:  

Այն դեպքում, եթե դա չհաջողվի անել, ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել գործիքները, որոնք դեռ չեն օգտագործվել՝ նշել է Բլինքենը:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ֆորտունա» նավի նկատմամբ, որը մասնակցել է «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը: