Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի կազմում գործող «Հայասա» պարային համույթի մասնակիցներն իրենց կատարած աշխատանքի դիմաց չեն վճարվում: Այս մասին NEWS.am-ին նամակով հայտնել է մոսկվաբնակ Արսեն Մարգարյանը: Ըստ նրա` համույթը, «որն արդեն հասցրել է ձեռք բերել ռուսաստանաբնակ հայերի համակրանքն ու սերը, տասնյակ համերգներ է ունեցել, (այդ թվում` Կրեմլյան պալատում), որոնք «Հայասա»-ին դարձրել են Ռուսաստանում հայկական մշակույթի պահպանման յուրօրինակ մի խորհրդանիշ: Ըստ մոսկվայաբնակ մեր հայրենակցի. «Ռուսաստանի մեծահարուստ հայերը եւս ջանք չեն խնայում «Հայասա»-ին օժանդակելու հարցում: Նրանց թվում են գործարարներ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Լեւոն Հայրապետյանը եւ այլոք: Հանգանակություններին գումարվում են նաեւ տոմսերի վաճառքից ստացվող բավականին լուրջ գումարները: Արսեն Մարգարյանի հավաստմամբ` այդ գումարները յուրացվում են Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Երզրաս սրբազանի կողմից:
Այս առնչությամբ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Երզաս սրբազանից, սակայն ապարդյուն. նրա հետ կապվել չհաջողվեց: Ռուսաստանյան թեմից հայտնեցին, որ նա զբաղված է Մոսկվայում կառուցվող նոր եկեղեցու շինարարական աշխատանքներով:
NEWS.am-ը կապվեց նաեւ «Հայասա» համույթի ղեկավար Արփինե Ամիրյանի հետ: Նա եւս հաստատեց, որ համույթի մասնակիցները չեն վճարվում իրենց աշխատանքի դիմաց, սակայն ոչ այն պատճառով, որ իրենց աշխատավարձ չի վճարվում, այլ որովհետեւ գործում է հասարակական հիմունքներով: «Մեր համույթը ստեղծվել է ընդամենը վերջերս եւ դեռ մի քանի համերգով ենք հանդես եկել: Մեր առաջին պրոֆեսիոնալ բեմելը եղել է այս տարվա ապրիլի 16-ին: Երկրորդ. մեր առջեւ հայ առաքելական եկեղեցին դրել է մի խնդիր` հավաքել օտար ափերում ապրող մեր հայ երեխաներին եւ նրանց հայեցի դաստիարակել: Այդ ամենը կատարվում է անվճար: Դա մեր պարտքն է մեր եկեղեցու եւ մեր պետության առաջ, այնպես որ ոչ մի գումարի մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Ամիրյանը:
Նա նաեւ հավաստեց, որ ռուսաստանաբնակ խորոր բարերաների կողմից համույթը հանգանակություններ է ստանում, սակայն դրանց տնօրինման մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Ամիրյանը շեշտեց, որ «Հայասա»-ի հասցեին արվող վերոնշյալ հայտարարությունները «ինչ-որ նախանձ ու չարակամ մարդկանց ձեռքի գործն են» եւ խոստացավ հետամուտ լինել` պարզելու այդ հայտարարությունների իրական նպատակները:




























