«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հարցին, թե ինչպես է վերաբերվում պատվիրակությունների մակարդակով Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության գաղափարի նկատմամբ ՀՀԿ-ական շրջանակի դրսեւորած մերժողական կեցվածքին, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին  նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է.

Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի։ Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել։ Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ։ Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի։

Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը։ Իսկ մեծ հաշվով մենք բոլորս, այսինքն՝ երկիրն ու ժողովուրդը։ Մենք մեր քայլը կատարել ենք, որի ճշգրտությանը, հակառակ «անկախ վերլուծագանգերի» գնահատականներին, մազաչափ անգամ չենք կասկածում։ Մնացյալը ոչ թե մեր, այլ իշխանության գլխացավանքն է։ Ուզում են՝ թող երկխոսեն, չեն ուզում՝ մեղքը իրենց վիզը»։