Թերթը վերջին օրերի Հայաստանի ներքաղաքական կյանքը բնութագրում է մի բառով` մառազմ:
Թերթի կարծիքով, կողքից նայողը տպավորություն կստանա, թե ինչ-որ հրաշքով Հայաստանի քաղաքական ուժերը մի ակնթարթում զրկվել են բանականությունից ու վերածվել թունավոր սունկ ուտելուց հետո խարույկի շուրջ ցատկոտող ու անիմաստ ձայներ արձակող չուկչաների:
Հանրապետականներն, օրինակ, ամիսներ շարունակ հայտարարում էին, թե պատրաստ են երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Բայց հենց որ ընդդիմությունը համաձայնվեց, հրապարակեց երկխոսության օրակարգը եւ պատվիրակություն կազմեց, սրանք սկսեցին հոխորտալ, թե այդ օրակարգով բանակցելու բան չունեն:
Կամ էլ որտեղից որտեղ հայտնվում է նախկինում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ու սկսում մտքեր հայտնել: Ուշադրություն դարձրեք` նրա «տիտղոսն» ինքնին տարօրինակ է: Լավ, մարդ 17 տարի առաջ մասնակցել է պատերազմին` լավ է արել, շատ ապրի, քաջաբար է մասնակցել` էլ ավելի շատ ապրի: Բայց պատկերացրեք` 30 տարեկան հասուն տղամարդը շարունակի ամենուրեք ներկայանալ որպես «նախկինում պիոներական դրուժինայի ակտիվ ջոկատավար»: Դա նշանակում է, որ հրադադարի հաստատումից հետո 17 տարվա ընթացքում այդ մարդն ուրիշ ոչինչ չի արել, ընդամենը «ազատամարտի վետերան է աշխատել»: Բայց սա դեռ ոչինչ: Հիմա ահա այդ մարդն օրը հինգ անգամ ասուլիս է հրավիրում եւ, օրինակ, հայտարարում, որ «Ազատ դեմոկրատները» Սերժ Սարգսյանի պրոյեկտն է (ենթադրաբար` որովհետեւ ստեղծվել է Կոնգրեսի դեմ պայքարելու նպատակով): Շատ իմաստուն միտք է. իսկ մեզ թվում էր, թե Ինդոնեզիայի հատուկ ծառայությունների պրոյեկտն է: Հետո այդ նույն Ժիրայր Սեֆիլյանը պայքարում է նույն Կոնգրեսի դեմ: Հարց է ծագում` բա ի՞նքը ում պրոյեկտն է, եթե Սերժ Սարգսյանի պրոյեկտի հետ նույն գործն է անում:
Կամ, ասենք վիրտուալ տարածքում ձեւավորվում են ինչ-որ առնցանց հեղափոխականներ, ովքեր առանձնակի վճռականությամբ պայքարում են հանցավոր ռեժիմի դեմ, բայց` միայն ինտերնետում, եւ այն էլ` երեկոյան ժամերին:




























