Վերջին երկու օրերին ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հանդես է եկել բավական տարօրինակ հայտարարություններով: Նախ «Ժամանակ»-ին տված հարցազրույցում, ապա երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի հետ բանավեճում նա կրկնել է իր հետեւյալ միտքը. «ՀԱԿ առաջնորդն իր թեկնածությունը դնելու իրավունք չունի` տարիքային սահմանափակման պատճառով», այնուհետեւ այսպիսի հավելում է արել. «Եթե դրվում է ՀԱԿ առաջնորդի` նախագահ դառնալու խնդիրը, ապա պետք է Սահմանադրությունը փոխել, իսկ դրա համար պետք է գործող իշխանության հետ նորից գործարքի գնալ»:
«Ժամանակը» Արման Մելիքյանի հետ հեռախոսազրույցում, հղում կատարելով նրա վերոնշյալ հայտարարությունը, նրա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը տարիքային միայն մեկ սահմանափակում է ամրագրում, այն է` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած յուրաքանչյուր ոք», եւ այլ սահմանափակում գոյություն չունի: Ա.Մելիքյանին թերթը խնդրել է մեկնաբանել իր հայտարարությունը, սակայն Ա.Մելիքյանը խնդրել է զանգահարել «մեկ ժամից», իսկ «Ժամանակը» նրան խնդրել է մինչ մեկ ժամը լրանալը` թերթել ՀՀ Սահմանադրությունը, որպեսզի ապագա զրույց ավելի հստակ լինի: Սակայն հինգ-վեց ժամ թերթի զանգերն ապարդյուն են եղել: Արման Մելիքյանն այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին:




























