Թերթը գրում է, թե իշխանական միջանցքներում վերջին շրջանում այնպիսի տեղեկություններ են շրջանառվում, որ շոկի մեջ են գցում նույնիսկ որոշ իշխանավորների:
Այդպիսիներից է կառավարության երկրորդ շենքի սեփականաշնորհման հավանականության մասին բոլորովին վերջերս շրջանառության մեջ հայտնված տեղեկությունը: Կառավարության երկրորդ շենքում այսօր գործում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարությունները: Հոյակապ ճարտարապետությամբ այդ շենքը, ըստ հավաստի տեղեկությունների պետք է դառնա հյուրանոց եւ գրասենյակային համալիր: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, կառավարությունը այդ հարցով ոչ պաշտոնական բանակցություններ է վարում ռուսահայ հայտնի գործարարներից մեկի հետ, որը շենքի միջակայքում ահռելի տարածքներ էր գնել ու շենքեր կառուցել դեռ մի քանի տարի առաջ: Կառավարության շենքը ուզում են վաճառել 200 միլիոն դոլարով, որից միայն 60 միլիոն դոլարն է մուտքագրվելու բյուջե:




























