«Эхо Москвы» ռադիոկայանի մեկնաբան Մատվեյ Գանապոլսկին հունիսի 10-ին իր բլոգում անդրադարձել է լրագրող Սերգեյ Բոնտմանին Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո Ադրբեջանի «սեւ ցուցակում» ընդգրկելու փաստին: Այդ կապակցությամբ, Գանապոլսկին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին մեղադրել է սեփական երկրի ԶԼՄ-ների շահերը դավաճանելու խայտառակ մոտեցման համար:

«Սերգեյ Բունտմանը ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հանձնարարությամբ այցելել էր Լեռնային Ղարաբաղ, հարցազրույց անցկացրել տեղի ղեկավարության հետ: Այցի նպատակն էր ռադիոլսողներին տեղեկացնել, թե ինչ է այնտեղ կատարվում: Ադրբեջանի ԱԳՆ-ն Բունտմանին ընդգրկեց անցանկալի անձանց սեւ ցուցակում: Պատճառն այն է, որ ռադիոկայանը Բաքվի հետ չի համաձայնեցրել Բունտմանի այցը: Վենեդիկտովն էլ պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի տարածքն է, իսկ Բաքվի հետ Ռուսաստանն ունի առանց վիզայի ռեժիմ: Հետեւաբար նախնական թույլտվություն ստանալու ոչ մի պատճառ չկա: Նշեմ, որ այդ հայտարարությունից հետո ռադիոկայանում ոչ ոք չի սպասել Ադրբեջանի ներողությունը:

Սակայն թեման դարձյալ բացվեց, երբ սեփական երկրի ԶԼՄ-ի շահերի հանձնելուն մասնակցեց Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում դեսպանը հայտարարեց. Ռուսաստանի զարգացման մեջ կան բազմաթիվ նրբություններ, այդ թվում մամուլի ազատությունը: Այն, ինչ ասում է Վենեդիկտովը մամուլի ազատության բացարձակացում է: Նա կարծում է, որ իրեն ամեն ինչ կարելի է, ինչ ցանկանում է, այն էլ անում է: Նա պետք է հասկանա, որ իր գործողությունները կարող են հետեւանք ունենալ, եւ նա պետք է հստակ պատկերացնի այդ հետեւանքները:

Փաստորեն, Ռուսաստանի դեսպանի համար դժվար չէ հանձնել երկրի շահերը: Դրա համար պետք է ընդամենը մի փոքր աղավաղել փաստերը. Ռուսաստանի Սահմանադրության 29-րդ հոդվածը անվանել Ռուսաստանի զարգացման նրբություն կամ մամուլի ազատություն: Հետո պետք է սպառնալ սեփական երկրի հեղինակավոր լրատվամիջոցին հետեւանքներով այն բանի համար, որ այդ լրատվամիջոցի ղեկավարը համարձակվել է լրագրող գործուղել քաղաքացիների տեղեկացման հասարակական պարտքը կատարելու համար:

Այնուհետեւ պետք է չվրդովվել, որ ադրբեջանցի չինովնիկները Սերգեյ Բունտմանին ճանաչել են պերսոնա նոն-գրատա եւ չհարցնել, թե ինչպես հայտնվել Լեռնային Ղարաբաղի տարածքում, եթե Ադրբեջանի կողմից ճանապարհ չկա, իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում էլ ադրբեջանական անձնագրային վերահսկողություն չկա: Այս դեպքում շատ կարեւոր է չտալ այդ հասարակ հարցը:

Դեսպան Դորոխինը այդ խնդիրները պարզաբանելու փոխարեն շատ արագ եւ առանց դժվարության հանձնեց սեփական երկրի լրատվամիջոցին: Իսկ իր պարտքը կատարած լրագրողին պատժելու փաստը Դորոխինն ամփոփել է այսպես. …դա քննարկումից դուրս է:

Ես կասեմ, որ իսկապես քննարկում չկա: Չի քննարկվում, որ Ադրբեջանն ինքնիշխան երկիր է եւ իրավունք ունի վարվել այնպես, ինչպես կցանկանա: Բայց չկա քննարկում նաեւ այն հարցում, որ ռուսաստանցի դիվանագետը պարտավոր է պաշտպանել իր երկրի քաղաքացիների շահերը, այլ ոչ թե խրատ կարդա:

Ես հարցնում են ԱԳՆ-ին. Կա՞ն Ռուսաստանում դիվանագետներ, որոնք պաշտպանում են սեփական երկրի քաղաքացիներին»,- իր բլոգում գրում է Գանապոլսկին: