Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության (NIS) տվյալներով` Փհենյանը փորձել է գողանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի տեխնոլոգիան` կոտրելով Pfizer Inc-ը, հայտնում է Yonhap-ը:

Անցյալ տարի հյուսիսկորեացի հաքերները ենթադրաբար փորձել են առնվազն ինը դեղագործական ընկերություններ կոտրել, այդ թվում` Johnson & Johnson-ը, Novavax Inc-ը եւ AstraZeneca-ն:

Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտարարել է, որ կանխել է Հյուսիսային Կորեայի` կորոնավիրուսի պատվաստանյութեր մշակող հարավկորեական ընկերությունները կոտրելու փորձերը:

Ակնկալվում է, որ այս տարվա առաջին կեսին Հյուսիսային Կորեան COVID-19-ի դեմ AstraZeneca-Oxford-ի պատվաստանյութի գրեթե երկու միլիոն դեղաչափ կստանա COVAX պատվաստանյութերի փոխանակման ծրագրի շրջանակներում:

Հյուսիսային Կորեան չի հաստատել կորոնավիրուսային վարակի առկայությունը, սակայն NIS-ը հայտարարել է, որ բռնկումը չի կարելի բացառել, քանի որ երկիրն ակտիվ առեւտուր է վարել Չինաստանի հետ 2020-ի սկզբին սահմանի փակումից առաջ: