ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները միջնորդություն ներկայացրեցին պաշտպանական կողմի դեմ:

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, մեղադրող կողմն արդեն միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն պաշտպանական կողմը «հետեւողականորեն խոչընդոտում է դրա քննարկմանը»: Դատախազի գնահատմամբ` պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքները, եւ իրավիճակը պետք է փոխել, որպեսզի գործընթացը ոչ թե դոփի տեղում, այլ շարժվի բնական հունով: «Իսկ թե ինչու պաշտպանությունը շահագրգռված չէ գործընթացի առաջընթացով, նրանք ավելի լավ կիմանան: Մենք գիտենք, թե ինչու, բայց թող իրենք ասեն»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին` արդյո՞ք մեղադրող կողմը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատավորի ինքնաբացարկի մասին, եթե դատավոր Աննա Դանիբեկյանն ի վիճակի չէ ապահովել գործընթացի բնականոն ընթացքը, Բաղդասարյանը բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ նախկինում մեղադրող կողմն արդեն փորձել էր զրկել պաշտպանական կողմին տվյալ փուլում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, որպեսզի «գործընթացն ավելի արագ ընթանա»: