Այս իշխանությունների գործողություններից յուրաքանչյուրը բավարար է քրեական գործ հարուցելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ անհնազանդության ակցիայի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

«Եթե Հայաստանում իրավակարգը վերականգնվի, ապա այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ կարող է հարուցվել քրեական օրենսգրքի առնվազն 2 գլխի բոլոր հոդվածներով քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ հանցագործություններ եւ պետության դեմ հանցագործություններ:

Նրանք գործել են այս հոդվածներով բոլոր հնարավոր զանցանքները:

Իսկ որ ասում են՝ կկրակեն, թող փորձեն: Եթե այդքան համարձակ են, թող փորձեն: Ես հավաստիացնում եմ՝ հետեւանքները երկար սպասեցնել չեն տա»,-ասաց նա:

Անդրադառնալով այս իշխանությունների դեմ պետական դավաճանության մասին իր կողմից հաղորդում ներկայացնելուն, Ղազինյանն ասաց. «Ամբողջ իրավաբանական հանրույթը պնդում է, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, ընդ որում կազմակերպված հանցավոր խմբի կողմից, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիությանը, իրավապահ համակարգը գործում է քաղաքական շահերի տիրույթում: Որոշումները կայացվում են քաղաքական նպատակահարմարությամբ, հետեւաբար մեն առաջնահերթ խնդիրը պետք է լինի իրավական համակարգը, դատախազական համակարգը հարկադրաբար քաղաքական տիրույթից վերադարձնել իրավական հարթություն եւ ստիպել գործել իրավունքի տիրույթում»: