2011 թ. մայիսի 23-ի տվյալներով` «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրով տրվել է 425 հիփոթեքային վարկ` 3.3 մլրդ դրամ (մոտ 8.9 մլն դոլար) ընդհանուր ծավալով:  Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Վարկի միջին գումարը կազմել է 7.8 մլն. դրամ (մոտ 21 հազ. դոլար), միջին ժամկետը` 12.3 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 10.12 տոկոս:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշեց լրացնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրին ուղղվող սուբսիդիաների չափը` ծրագրի կատարողականի առաջանցիկ աճի պատճառով: Երեւանում վարկը սուբսիդավորվում է 2 տոկոսով, մարզերում` 4 տոկոս: 2011 թ. պետական բյուջեից այդ նպատակով հատկացվել է 85.4 մլն դրամ` նախորդ տարվա 34.85 մլն դրամի համեմատ:

Երիտասարդ ընտանիքներին վարկեր են տրամադրում 16 ֆինանսական կազմակերպություններ` 13 առևտրային բանկեր և 3 վարկային կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարությունը 2010թ. հաստատել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Քանի որ ծրագրին դիմող քաղաքացիների քանակը նախատեսվածից ավելի է, ուստի կառավարությունը որոշել է ծրագիրն իրականացնել արագացված գրաֆիկով: