Թուրք գործիչ, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի թեմաներն ուսումնասիրող Բասքըն Օրանը ոստիկանության մի աշխատակցից մահվան սպառնալիք է ստացել։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Բասքըն Օրանը դիմել  ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն մահվան սպառնալիք է ուղարկել «Թուրքական վրիժառուների բրիգադ» կոչվող խումբը։  Մեծ է եղել զարմանքը, երբ պարզվել է, որ սպառնալից  նամակն ուղարկվել է Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության մի ոստիկանի կողմից։

Սպառնալից նամակում նշվել է, թե հունիսի 17-ին Բասքըն Օրանին մեջտեղից վերացնելու են՝ ցույց տալով թուրքական ուժը։ Ոստիկանի ուղարկած նամակում եղել է նաեւ ստամբուլահայ Էթյեն Մահչուփյանի, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի, քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելի եւ Աքըն Բիրդալի անունները, որպես հայրենիքի դավաճաններ։

Հիշյալ գործով առաջիկա դատական լսումը նախատեսված է հուլիսի 27-ին։

Նշենք, որ Բասքըն Օրանը հանդիսանում է «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչներից մեկը։