Իսրայելական սկանդալային հայտնի NSO Group ընկերությունը, որի լրտեսական Pegasus ծրագիրն օգտագործվել է ամբողջ աշխարհում իրավապաշտպանների եւ լրագրողների վրա հարձակման համար, ԱՄՆ-ում կրկին դարձել է հետաքննության օբյեկտ:

NSO խմբի կապակցությամբ մտավախություններն այնպիսին էին, որ 2020 թվականի սկզբին ՀԴԲ-ն հետաքննություն էր սկսել, բայց այն կասեցվել էր: Սակայն հաղորդվում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը այս գործի հանդեպ կրկին հետաքրքրություն է դրսեւորում:

Վերջերս արդարադատության նախարարության իրավաբանները դիմել էին WhatsApp-ին՝ 2019 թվականին իր 1400 օգտատերերի վրա NSO Group-ի պետական հաճախորդների կողմից ենթադրյալ հարձակումների վերաբերյալ տեխնիկական հարցերով, հայտնում է Guardian-ը՝ վկայակոչելով աղբյուրին:

Առայժմ պարզ չէ, թե արդարադատության նախարարության քննիչները կոտրելու որ ենթադրյալ օբյեկտներն են ուսումնասիրում կամ որ փուլում է հետաքննությունը: Jerusalem Post-ի կարծիքով՝ ջանքերի վերսկսումը կարող է լինել Բայդենի վարչակազմի` մարդու իրավունքների նկատմամբ ուշադրության մեծացման եւ սաուդցիների կողմից իրավախախտումների կանխման ծրագրի մասը:

Հետաքրքրությունը վերականգնվել է այն բանից հետո, երբ Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը դատապարտել է այնպիսի տեխնոլոգիական ընկերություններին, ինչպիսին NSO-ն է, նրանց անվանելով «21-րդ դարի վարձկաններ»: Նա ծառայողական գրությամբ Բայդենի վարչակազմին միջամտելու կոչ է արել:

«NSO-ն իրենից ներկայացնում է մասնավոր հատվածի բարդ տեխնոլոգիաների եւ պետական չարամիտների աճող միաձուլում»,- դեկտեմբերին նշել էր Սմիթը:

Իսրայելական NSO ընկերությունը հայտնի է դարձել Pegasus կոչվող ԾԱ շնորհիվ: Իրավապաշտպան խմբերը նախազգուշացրել են, որ Pegasus-ը տարբեր երկրներում՝ Մեքսիկայում, Մարոկկոյում եւ Հնդկաստանում օգտագործվել է իրավապաշտպանների, լրագրողների եւ կառավարական պաշտոնյաների վրա հարձակումների համար:

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը հեղինակավոր տիրակալների շարքից մեկն է, որոնք, ըստ լուրերի, Pegasus լրտեսական ԾԱ-ն օգտագործել են քաղաքական ընդդիմախոսներին եւ քննադատներին հետեւելու համար: