Հունգարիայի միացումը Հարավային գազային միջանցքին կարժենա 100 մլն դոլար

Հունգարիայի հնարավոր միացումը Հարավային գազային միջանցքին կարժենա 100 մլն դոլար:

Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի եւ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարները հայտնել են, որ տարեվերջին Հունգարիան կմիանա ՀԳՄ-ին Սերբիայի միջով:

«Մեզ համար չափազանց կարեւոր է այդ միջանցքով գազ գնելը: Ադրբեջանը կարող է մեծացնել արդյունահանումը, եւ արդյունքում մենք կկարողանանք ստանալ ադրբեջանական գազի զգալի ծավալներ: Արդեն սկսվել են բանակցությունները SOCAR-ի հետ»,-ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ հունգարական բանկը 100 մլն դոլարի վարկ է տրամադրել այդ երկրի ընկերություններին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում նախագծերի իրականացման համար: Ինչու է հունգարական կողմի վարկի մասին հայտնում  ադրբեջանցի նախարարը, մնում է միայն կռահել:

Հիշեցնենք, որ Բուդապեշտի եւ Բաքվի միջեւ «ընկերությունը» սկսվել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարման պահից: Հենց նրա ջանքերով Ադրբեջանի հետ խայտառակ գործարք կնքվեց, հայրենիք վերադարձվեց հանցագործ սաֆարովը: Սակայն Օրբանի համար այդ գործարքն այդքան էլ հաջող չեղավ: