Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հունիսի 15-ին այցելել է Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների շինհրապարակներ, ծանոթացել վերականգնման աշխատանքների ընթացքին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նշվել է, որ պոմպակայանները շահագործման կհանձնվեն ընթացիկ ամսվա վերջում:
Փոխվարչապետը «ՀՄՀ –Հայաստան» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը հանձնարարել է աշխատանքների ավարտից հետո պոմպակայանները փորձարկել, շտկել հնարավոր թերությունները եւ հանձնել շահառուին:
Արմեն Գեւորգյանը ծանոթացել է նաեւ Սեւանա լճի ափամերձ հատվածներում հանրային լողափերի կահավորման եւ բարեկարգման աշխատանքների ընթացքին:
Պատասխանատուները վստահեցրել են, որ լողափերը, որոնք տեղակայված են Սեւանի քաղաքային լողափի հարակից տարածքներում եւ թերակղզու հատվածում, անհրաժեշտության դեպքում արդեն կարող են ընդունել այցելուներին:
Փոխվարչապետը հորդորել է աշխատանքներն իրականացնել այնպես, որպեսզի լողափերի շահագործումը չուշանա, եւ քաղաքացիները հնարավորություն ունենան ժամանակին կազմակերպել իրենց հանգիստը:




























