Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հունիսի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Աշխատանքային օրվա առաջին կեսին նա հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից Լոնդոն ժամանած հայ գործարարներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
«Գիտենք, որ այսօր բավական լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայ ազգի մասին է: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք միասին մտածել, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել»,- նշել է վարչապետը գործարարների հետ հանդիպմանը: Նա հայ գործարարներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային ծրագրերի հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են մեր երկրի տնտեսությանը: Արծարծվել են նաեւ բարեփոխումների այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են:
Գործարարների հետ հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական BBC ընկերությանը: Այսօր երեկոյան Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Բուքինգհեմյան պալատում Արքայազն Չարլզի եւ Արմեն Սարգսյանի նախաձեռնած դրամահավաքին, որից գոյացած միջոցներն ուղղվելու են Հայաստանում «Երեւան` իմ սեր» եւ Շոտլանդիայի հարավ-արեւմուտքում գտնվող Դամֆիս դղյակի պահպանման ծրագրերին:
Հիշեցնենք, որ «Երեւան` իմ սեր» նախագծի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնումն ու պահպանումն է: «Երեւան` իմ սեր» ծրագրի շրջանակներում Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում արդեն սկսվել է առաջին երեք շենքերի կառուցումը, որոնցից մեկը մոր եւ մանկան կենտրոն է, մյուսը` կլինիկա` խուլ ու համր երեխաների, երրորդը` մանկապարտեզ` կարիքավոր ընտանիքների երեխաների համար: Նշենք, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնից կվերադառնա վաղն առավոտյան:




























