Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր` հունիսի 16-ին համաձայնություն տվեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ 2011-13թթ. ներդրումային ծրագրին:
2011-2013թթ. Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել 14.8 մլրդ դրամի ընդհանուր ներդրումներ: Այդ մասին տեղեկացնում են «Հայռուսգազարդի» մամլո ծառայությունից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հրավիրված քննարկման ժամանակ հիմնական զեկուցող Տեխնիկական վարչության պետ Ա. Հակոբյանը նշեց, որ ներդրումային ծրագիրը կազմված է` հաշվի առնելով ներկայիս հետճգնաժամային իրավիճակը:
Ծրագիրը հիմնականում նպատակաուղղված է Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը եւ գազասպառողների անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովմանը:
2011 թ. «Հայռուսգազարդը» նախատեսում է իրականացնել 8,49 մլրդ դրամի ներդրումներ, որից 3,34 մլրդ դրամը` գազափոխադրման համակարգում, ինչը կազմում է ներդրումների ծավալի 39%, եւ 5,15 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգում, ինչը կազմում է ներդրումների ծավալի 61%-ը:



























