Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ դիմողների թիվը գնալով ավելանում է:

«Չկա մի օր, որ մարդ չգա, գալիս են ծերեր ու ինչու միայն ծերեր, դեռ 50 տարին չլրացած մարդիկ: Գալիս-խնդրում են, թե մեզ վերցրեք, ուզում ենք ծերանոցում ապրել»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են Գյումրիի ծերերի տուն- ինտերնատի աշխատակիցները:

«Միայն այսօր գիտե՞ք, թե քանի հոգու ենք ճանապարհել: Շատերը երեխաներ ունեն, բայց արտերկրում են, այդ մարդիկ միայնակի կարգավիճակ չունեն, բայց մենակ են մնացել: Երիտասարդները գնում են, ապրուստ չկա, աշխատանք չկա, նրանք գնում, տարեց ծնողներին թողնելով միայնակ»,-ասել է ծերանոցի բուժքույր Անահիտ Սադոյանը:

Իսկ ծերանոցի մեկ այլ աշխատակից` Լուիզա Ջանոյանի խոսքով, եթե նույնիսկ նույն  ծավալով մի ծերանոց էլ Շիրակի մարզում կառուցեն, քիչ կլինի: «150 տեղի համար արդեն 160 շահառու ունենք, բարեգործական ճաշարաններում էլ վիճակը սարսափելի է, մարդիկ գնում են, ոտքով, մի քանի կանգառ կտրում, որ մի թաս ճաշ ուտեն»,-ասել է Լուիզա Ջանոյանը: