Պակիստանի բարձր դատարանը որոշում է կայացրել, որ երկրի հեռահաղորդակցման մարմինը կարող է վերացնել TikTok հավելվածի արգելափակումը, հաղորդում է Reuters-ը:
Պակիստանի հեռահաղորդակցման վարչության (PTA) ղեկավարը դատարանին հայտնել է, որ բանակցություններ է վարում TikTok-ի հետ, եւ ընկերությունը համաձայնել է համակարգող նշանակել` բովանդակության չափավորումը բարելավելու համար: Հավելվածն արգելափակվել է «անբարոյական» բովանդակության համար, որը ներառում է մերկություն, հայհոյանք եւ անպարկեշտություն:
Մարտի 11-ին դատարանը վճռել էր երկրում արգելափակել հավելվածը՝ հիմնվելով միջնորդագրի վրա, որը պնդում էր, որ այն անպարկեշտ բովանդակություն է տարածում:
Անցյալ տարվա հոկտեմբերին PTA-ն արգելափակել էր TikTok-ը նույն պատճառներով, բայց 10 օր անց չեղյալ էր հայտարարել իր որոշումը` նշելով, որ ընկերության սեփականատերը` չինական ByteDance-ը, համաձայնել է կարգավորել հավելվածը Պակիստանում:





























