Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունների պատճառով եվրոպական տարածաշրջանի համար «մարտահրավերները մեծանում են»: Նա այսպիսի կարծիք է հայտնել շաբաթ օրը RND լրատվական խմբին տված հարցազրույցում:

Ըստ նրա ՝ Գերմանիան պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա՝ ելնելով իր սեփական շահերից, այլ ոչ թե «ծառայություն մատուցի ԱՄՆ-ին»: «Մարտահրավերներն աճում են նոր տեխնոլոգիաների հետ՝ հիբրիդային սպառնալիքի տեսքով, բայց նաեւ տարածաշրջանային մակարդակով՝ հաշվի առնելով Ռուսաստանի պահվածքը»,- հաստատել է նա:

Նրա խոսքով՝ «Գերմանիան ոչ պակաս հարձակման կենտրոնում է, ինչը կարող է կապված լինել Ռուսաստանի հետ»:

Կրամպ-Կարենբաուերը իր տեսակետը հաստատելու որեւէ օրինակ կամ ապացույց չի բերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 22-ին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը Եվրամիության հետ հարաբերություններում պատրաստ է «կառուցողական եւ պրագմատիկ փոխգործակցության, բայց միայն հավասար եւ փոխադարձ հարգալից հիմքերի վրա»: Միաժամանակ նա ընդգծել էր, որ Մոսկվան «իր սեփական շահերը զոհաբերելու ճանապարհով չի գնա միակողմանի զիջումների»: Իր հերթին, Վիեննայի բանակցություններում ռազմական անվտանգության եւ վերահսկողության հարցերով Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը մարտի 25-ին նշել էր, որ Եվրոպան դեռեւս պատասխան քայլեր չի ձեռնարկում՝ ի պատասխան ռազմական կապերն ամրապնդելու ռուսական կողմի նախաձեռնությունների: