Կիրակի Բուլղարիայում ընթանում են Ազգային ժողովի 45-րդ գումարման ընտրությունները: Առավոտյան 7:00-ին երկրում բացվել է շուրջ 12 հազար ընտրատեղամաս: Եւս 465 տեղամաս բացվել է աշխարհի 69 երկրներում: Քվեարկելու իրավունք ունի շուրջ 6,7 միլիոն քաղաքացի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 22 կուսակցության եւ ութ կոալիցիայի ներկայացուցիչներ:
Փորձագետների գնահատմամբ՝ քվեարկությանը կմասնակցի շուրջ 2,8 ընտրող:
Ընտրությունների ընթացքին կհետեւի ավելի քան 3,4 հազար դիտորդ: Քվեարկության առաջին ոչ պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան, երբ 20.00-ին իրենց աշխատանքը կավարտեն ընտրատեղամասերը, իսկ վերջնական արդյունքները կհայտարարվեն երեք-չորս օր անց:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում քվեարկությունը կանցկացվի՝ սոցիալական հեռավորության նորմերը պահպանելով: Ընտրատեղամասեր թույլ չեն տա մուտք գործել հարբուխի ախտանշաններով քաղաքացիներին, պարտադիր է կրել դիմակ եւ պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն հերթերում: Ընտրողների անվտանգությունն ապահովելու համար ընտրատեղամասերում կան դիմակներ եւ ախտահանիչ միջոցներ:





























