ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ կոչ է արել հանրապետականներին բոյկոտել ընկերությունները, որոնք դատապարտել են Ջորջիայում նոր ընտրական բարեփոխումը, հաղորդում է Fox News-ը:

«Վերջապես հանրապետականներն ու պահպանողականները պետք է մերժեն՝ մենք ավելի շատ մարդ ունենք, քան նրանք:  Բոյկոտ Բեյսբոլի գլխավոր լիգային, Coca-Cola-ին, Delta ավիաընկերությանը, JPMorgan Chase-ին, ViacomCBS-ին, Citigroup-ին, Cisco-ին, UPS-ին ու Merck-ին: Մի գնեք նրանց պրոդուկտները, քանի դեռ նրանք չեն զիջել»,-շարունակել է նա:

Նա նաեւ պնդել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները եղել են «կեղծված» իր դեմ:

«Նրանք կեղծել եւ գողացել են մեր նախագահական ընտրությունները 2020 թվականին, որոնք մենք հաղթել ենք մեծ ինտերվալով, այնուհետեւ բոյկոտել եւ վախեցրել են ընկերությունները: Երբեք մի՛ ենթարկվեք, երբեք: Արմատական ձախակողմյա ուժերը կոչնչացնեն մեր երկիրը, եթե մենք նրանց թույլ տանք դա անել: Մենք չենք դառնա սոցիալիստական ազգ: Շնոհրավոր Սուրբ Զատիկ»,-գրել է ԱՄՆ նախկին նախագահը:

Ընտրական բարեփոխման նոր կանոնների համաձայն՝ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթուղթ, որը հաստատում է անձը լուսանկարով, ինչպես նաեւ սահմանվել է հեռակա քվեարկության հնարավորությունը: