ԱՄՆ-ն համաշխարհային կորպորատիվ հարկի նվազագույն դրույքաչափի սահմանման կոչ կանի՝ հիմնավորելով նախագահ Ջո Բայդենի՝ կորպորատվ հարկերի ավելացման ծրագիրը՝ ենթակառուցվածքների իր զարգացման պլանի ավելի քան 2 տրիլիոն դոլարի ֆինանսավորման համար: Ինչպես հայտնի է դարձել Axios-ին, այս մասին կհայտարարի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը:

Նվազագույն գլոբալ հարկի պարտադրումն այլ երկրներին կնվազեցնի ընկերությունների՝ օֆշորների մեջ տեղափոխվելու հավանականությունը, քանի որ Բայդենը ձգտում է բարձրացնել կորպորատիվ տոկոսադրույքը 21-ից մինչեւ 28 տոկոս:

«Խոսքն այն մասին է, որպեսզի մենք համոզվենք, որ կառավարությունները կայուն հարկային համակարգեր ունեն, որոնք բավականաչափ եկամուտ են բերում հիմնական հանրային ապրանքների մեջ ներդրումներ կատարելու եւ ճգնաժամերին արձագանքելու համար, եւ որ բոլոր քաղաքացիներն արդարացիորեն կիսում են կառավարության ֆինանսավորման բեռը: Մենք աշխատում ենք G20-ի երկրների հետ՝ համաձայնեցնելու համար կորպորատիվ հարկի համաշխարհային նվազագույն դրույքաչափը: Միասին մենք կարող ենք օգտագործել համաշխարհային նվազագույն հարկը՝ բազմազգ ընկերությունների հարկման ավելի հավասար կանոնների, նորարարությունների, աճի եւ բարգավաճման խթանման հիման վրա համաշխարհային տնտեսության զարգացման ապահովման համար»,- ասել է Յելենը Չիկագոյի գլոբալ հարցերի խորհրդի առջեւ իր ելույթի ժամանակ:

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ տոկոսադրույքը 35 տոկոսից 21 տոկոս էր իջեցրել՝ պատճառաբանելով, որ ամերիկյան ընկերություններն անբարենպաստ պայմաններում են գտնվում եւ կարող են օֆշորների մեջ տեղափոխվել:

Tax Foundation պահպանողական հարկային խմբի տվյալներով՝ G7-ում կորպորատիվ միջին տոկոսադրույքը 24 տոկոս է, ընդ որում, մոտ ինը երկիր վերջերս իջեցրել է իր կորպորատիվ տոկոսադրույքները:

Բայդենի պլանը նաեւ կբարձրացնի ամերիկյան ընկերությունների օտարերկրյա շահույթի միջազգային նվազագույն դրույքը 10.5 տոկոսից մինչեւ 21 տոկոս, ինչը դեռ ցածր կլինի 28 տոկոսանոց ներքին կորպորատիվ տոկոսադրույքից: