Ամերիկահայ Սիմա Թորգոմյանն Արագածոտնի մարզի Օհանավանք եկեղեցուն է նվիրաբերել 19-րդ դարի 4 հոգեւոր բնույթի գիրք:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սփյուռքահայ կինն այդ գրքերը վերցրել է հենց Օհանավանքից դեռ այն ժամանակ, երբ եկեղեցին չէր գործում: «21 տարի էս գրքերն իմ մոտ էին»,-ասում է Սիմա Թորգոմյանը: Տեղեկանալով, որ եկեղեցին սկսել է գործել, ամերիկահայը որոշել է գրքերը վերադարձնել, թեպետ սկզբից մտադիր էր հանձնել Մատենադարանին: Գրքերը վերադարձնելուն նրան օգնել է գործարար Ռոբերտ Գալստյանը, որը կապվել է եկեղեցու հոգեւորականների հետ եւ հայտնել կնոջ մտադրությունը:

Հանձնման արարողությանը ներկա էր աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որին հենց գործարարն է տեղեկացրել հիշյալ գրքերի մասին: «Որոշեցի մասնակցել եւ տեսնել, թե ինչ գրքերի մասին է խոսքը»,-ասում է Աբրահամը: Ի դեպ, հոգեւորական տեր Գարեգինը տեղեկացրեց, որ հանձնվող գրականությունը օգտագործվում է եկեղեցական արարողությունների ժամանակ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի