Մոտակա օրերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին հանդիպելու է թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Փելոսին առաջին անգամ է համաձայնություն տվել նման հանդիպման համար:
«Թեեւ մենք չենք ակնկալում, որ նա անմիջապես կփոխի իր դիրքորոշումը որոշակի հարցերի վերաբերյալ, բայց այդ հանդիպումը կարեւոր է: Դա նույնիսկ պատմական հանդիպում է մեր համայնքի համար»,- APA-ին ասել է թուրքական համայնքի նախագահ Մուստաֆա Յըլմազը:
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին ավանդաբար կողմ է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն այս տարվա ապրիլին Ներկայացուցիչների պալատում թույլ չեն տվել քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը:
Ապրիլի 27-ին Փելոսին հայտարարել է, որ մնում է իր որոշմանը, քվեարկության չդնել այդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատի նիստում:
«Կար լուրջ վտանգ, որ բանաձեւը չէր ստանա անհրաժեշտ 218 ձայները»,- իր քայլը բացատրել էր Նենսի Փելոսին:




























