Հայաստանի քաղաքաշինության նախարարության լիցենզիաների տրամադրման կենտրոնում այս օրերին հերթեր ու կուտակումներ են գոյացել: Շինարարական կազմակերպությոեւնների ներկայացուցիչները շտապում են մինչեւ հուլիսի 1-ը վերագրանցել իրենց լիցենզիաները, ինչը լիցենզիաների տրամադրման վերաբերյալ օրենսդրության  պահանջն է:

Նշենք, որ ըստ օրենքի քաղաքաշինության նախարարությունում տրամադրվում են 5 տեսակի լիցենզիաներ` սկսած շինարարության թույլտվություններից, վերջացրած շինարարության որակի տեխնիկական հսկողությամբ:

Նախարարության ստորաբաժանման առջեւ օրվա համարյա բոլոր ժամերին խմբված են առնվազն մոտ 2 տասնյակ մարդիկ: Նրանց հետ զրույցներից պարզ դարձավ, որ լիցենզիայի վերագրանցման համար ստիպված են 3-4 անգամ ավելի գումար վճարել: Օրինակ` էներգետիկ կառույցի շինարարության թույլտվության լիցենզիան նախկինում 100 հազ. դրամ էր, ներկայումս` 400 հազ. դրամ:

Մեր այն հարցը, թե ինչո՞ւ չեն օգտվում լիցենզիաների տրամադրման էլեկտրոնային եղանակից, ներկաների մոտ միայն զարմանք հարուցեց` նրանք նույնիսկ մոտավոր պատկերացում չունեին, որ օրենքը թույլ է տալիս լիցենզիայի հայտը լրացնել ու նախարարություն ուղարկել էլեկտրոնային կամ փոստային տարբերակով:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջերին ՀՀ օրենսդրությունում մի շարք փոփոխություններ կատարվեցին` լիցենզավորման գործընթացների ընթացակարգերը պարզեցնելու եւ հստակեցնելու, ինչպես նաեւ` լիցենզիաների քանակը կրճատելու նպատակով: Օրենքի 32-րդ հոդվածում հստակ նշված է հետեւյալը. «Լիցենզիայի վերաձեւակերպման հայտը կարող է լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով»: Հարց է առաջանում` ինչին էին պետք այդ բարեփոխումները, եթե մարդիկ դրանից օգտվել չեն կարողանում:

Քաղաքաշինության նախարարության լիցենզավորման բաժնի պետ Թորգոմ Ղուկասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ լիցենզիայի հայտերը հիմնականում ստանում են փոստով, սակայն ոչ բոլորն են տեղյակ օրենքից: Բացի այդ` հերթում գտնվողներից շատերը գալիս են ոչ թե հայտ լրացնելու, այլ խորհրդատվության համար:

Օրինակ` շինարարական կազմակերպությունը պետք է ներկայացնի մասնագետների ցանկը, ու մինչ հայտը լրացնելւ նրանք ցանկանում են պարզել` արդյո՞ք նախկին ցուցակներում պետք է փոփոխություն կատարել: Իսկ քանի որ նախկին հայտերի տվյալները համակարգիչներում չեն արխիվացված, ստիպված են ամեն մի գործ առանձին բացել ու նայել:

Ինչ վերաբերում է լիցենզիայի վճարներին, ապա այն կարգավորվում է «Պետական տուրքի մասին» օրենքով, որտեղ իսկապես կատարվել են փոփոխություններ: Ըստ Թ. Ղուկասյանի` շինարարական կազմակերպությունները կարող են լիցենզիայի հայտը ներկայացնել միայն այն գործունեության մասով, ինչով զբաղվում են, այլ ոչ թե մեկ լիցենզիա վերցնեն լիցենզավորման ենթակա բոլոր գործողությունների համար: Ըստ Թ. Ղուկասյանի` լիցենզավորման համար վճարված բոլոր գերավճարները անպայման ետ կվերադարձվեն:

Նշենք, որ 2010 թ. դեկտեմբերի 8-ին ընդունված օրենքով քաղաքաշինության ոլորտի համար սահմանված են լիցենզիայի հետեւյալ տուրքերը.

1.Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության համար` տարեկան 200 հազ. դրամ,

2.Շինարարության իրականացման համար` տարեկան 400 հազ. դրամ,

3.Շինարարության որակի տեխնիկական հսկողության համար` տարեկան 250 հազ. դրամ,

4.Ինժեներական հետազննման համար` տարեկան 50 հազ. դրամ,

5.Շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար` տարեկան 100 հազ. դրամ:

Սամվել Ավագյան