ՌԴ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Լիտվայի դեսպանատան երկու աշխատակից, եւ Սլովակիայի դեսպանատան երեք աշխատակից, ինչպես նաեւ Լատվիայի եւ Էստոնիայի դիվանագիտական առաքելությունների մեկական աշխատակից պետք է լքեն Ռուսաստանը:

Մոսկվան խիստ բողոք է ներկայացրել նշված երկրների ներկայացուցիչներին: Ավելի վաղ այդ երկրները մի քանի ռուսաստանցու պերսոնա նոն գրատա էին հայտարարել Չեխիայի հետ համերաշխությունից դրդված:

Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել նաեւ ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Լեհաստանի եւ Ռումինիայի կողմից:
Մոսկվայի եւ Պրահայի միջեւ հարաբերություններում լուրջ ճգնաժամ է. կողմերը վտարել են տասնյակ մարդկանց այն բանից հետո, երբ Չեխիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրեցին 2014-ին Վրբետիցայում զենքի պահեստում տեղի ունեցած պայթյուններին մասնակցության մեջ:

Որոշ դեպքերում արտաքսումը պատժամիջոցների քաղաքականության մաս է դարձել, որոշ դեպքերում լրտեսության մեղադրանքներ էին հնչեցվում,  որոշ դեպքերում գերատեսչությունները վկայակոչում էին Վիեննայի կոնվենցիան, որը թույլ է տալիս չնշել պատճառը: