ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պայմանավորվածություն է ձեռքբերվել ձերբակալվածներին փոխանակելու մասին, իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հաղորդագրությունները, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն ձերբակալվածներին փոխանակելու մասին, իրականությանը չի համապատասխանում: Ինչպես մենք արդեն ասել ենք, մենք միշտ բարձրաձայնում ենք Իրանում բերման ենթարկված կամ անհետ կորած ամերիկացիների մասին հարցերը: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ չենք կարողացել միավորել նրանց իրենց ընտանքիների հետ»,-նշել է պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Միեւնույն ժամանակ al-Mayadeen լիբանանյան հեռուստաալիքը, հղում անելով իրանյան աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը մտադիր են փոխանակվել բերման ենթարկված քաղաքացիներով: «Վաշինգտոնը կազատի չորս իրանցու: Փոխարենն Իրանը կազատի չորս ամերիկացու, որոնք մեղադրվում են ամերիկյան հետախուզության շահերից բխած լրտեսության մեջ»,-հաղորդել է լիբանանյան հեռուստաալիքը՝ հղում անելով իրանցի աղբյուրներին: al-Mayadeen-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում բերման ենթարկված իրանցիներն օգնել են շրջանցել Իրանի համար սահմանված էմբարգոն: Նշվել է նաեւ, որ կողմերի միջեւ ձեռքբերված գործարքի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է վճարել 7 միլիարդ դոլար իրանական սառեցված ակտիվներից:





























